 |


 |
| |
 |
 |
 |
 |
|
 |
 |
Երկու իրականություն Ինչ գործով էլ մարդը զբաղվի, բնական է, որ նպատակ ունի, ենթադրում է հաջողության հասնել: Բայց ո՞րն է հաջողության չափանիշը – ահա մի հարց, որը երբեմն վրիպում է մեր հայացքից: Ի՞նչը կարող է հաջողություն համարվել, օրինակ, գրողի համար: Նկատո՞ւմ կամ գիտակցո՞ւմ ենք արդյոք, որ մեզանում արվեստագետն ապրում է երկու իրականությունների մեջ: Երկու բոլորովին տարբեր իրականությունների մեջ: Մեկում նա ստեղծագործում է, իր առջև դնում արվեստի խնդիրներ, կարդում, ուսումնասիրում մյուս հեղինակների գործերը, երբեմն` կարծիքներ կամ գրախոսականներ գրում: Ընդ որում` այս վերջիններում նրա խոսքն ու միտքը ուղղված են բացառապես մաքուր իդեաների, զուտ արվեստի այն աշխարհին, որում էլ հենց ծավալվում է նրա արվեստագիտական գործունեությունը: Ես պատահմամբ չեմ խոսում մաքուր իդեաների (պլատոնյան) երկնքի մասին. դա ճիշտ է, անգամ եթե խոսքը վերաբերում է ամենաերկրային, ամենահողեղեն ու կենացաղային իրողությունների մեջ կոպիտ-ժամանակակից վերլիբրով խոսող պոետի մասին: Հիմա մյուս իրականության մասին: Այստեղ գործում է ջունգլիների օրենքը. «եղունգ ունես` գլուխդ քորի», «ամեն մարդ իրա բանին»: Այստեղ արվեստագետները մրցակցում են` արևի տակ իրենց տեղն ունենալու համար,– մրցակցում են ո՛չ թե իրենց ստեղծագործությամբ, այլ բոլորովին ուրիշ` չգրված ու չբարձրաձայնվող կանոններով: Երիտասարդ ստեղծագործո՞ղ ես. եթե քեզ գովա այսինչ հեղինակավոր դեմքը, եթե քո մասին գրախոսական գրի այն հայտնի գրականագետը, եթե քեզ նկատեն այսինչ շրջապատում ու որոշեն առաջ տանել, ապա քո դեմքը կդառնա ճանաչելի, և դու կհայտնվես երանելի ընտրյալների շարքում: Կընկնես բոհեմ: Ինձ թվում է` պարզ է, թե ինչի մասին է խոսքը: Անվանենք PR կամ կարիերա` դա չէ էականը: ( Տես ավելին... )Tags: արվեստ, գիրք, գրականություն, ընթերցանություն, մշակույթ
|
 |
 |
 |
 |
|
 |
 |

 |
| |
 |
 |
 |
 |
|
 |
 |
Ինքն առաջինը սկսեց, ես մեղավոր չեմ: Ամեն օր դռան կողքը աղբի տոպրակ էր դնում: Պատահում էր, որ օրերով չէր թափում, տոպրակներն էլ հավաքվում էին` մեկ, էրկուս, մեկ էլ տեսար սանդղահարթակը խոզանոց ա դառնում: Հեչ պետքն էլ չի: Ասում եմ` այ ախպեր, խի՞ ես աղբդ թողնում, տար թափի, էլի՜: Ինքն էլ, բա` ուզում եմ – թողնում եմ, հարցեր կա՞ն: Հոտ ա կպնում քո զիբիլի պատճառով… հա, կներեք… կաշխատեմ մաքուր հայերենով… ուրեմն` աղբի համար… ասում եմ` հոտ ա կպնում, չե՞ս հասկանում, էրեխա-բան կա, հազարումի վարակ ա տարածվում, առնետներ, մկներ են գալիս: Խի՞ ես թողնում, որ… Ինքն էլ, դե, կոպտեց. էլ չուզեցի հետը գլուխ դնեմ: Վերջում էլ ասեց` իմ դռան կողը չի՞, ինչ կուզեմ` կդնեմ: Մեկ էլ տեսնեմ` էդ աղբի տոպրակները ոչ միայն գնալով շատանում են` դեռ հետն էլ կամաց-կամաց էս կողմ են գալիս: Մեր դռան կողմ, այսինքն: Էլ չդիմացա, կատղեցի: Կնգաս… հա, ներողություն` կնոջս… կնոջս ասում եմ` ա՛յ կնիկ… ա՛յ կին, սրանից հետո դու էլ մեր աղբը շուտ-շուտ չթափես: Դիր դուրսը, մեր դռան կողքը: Տեսնենք` ով ում… Հա, ուրեմն, մենք էլ սկսեցինք աղբը դռան կողքը դնել: Էդ աներեսն էլ, մեզ ինադու, սկսեց ավելացնել: Արդեն տոպրակներից մի հատ բլուր ա սարքել ու մանրից մեր կողմ ա բերում: Իրա արևին շուստռի ա` գիտի չեմ ջոկում, թե մտքին ինչ կա: Դե, մենք էլ հետ չենք մնում: Ճիշտ ա, զզվելի հոտ ա ընկել մուտքով մեկ. դե հիմի ջանդամ-գյոռը… կներեք… գլուխը քարը` բա հո չե՞մ թողնի, որ գլխիս նստի: Առնետներ էլ հավաքվեցին: Իսկ ամռանը ճանճերն էնքան շատացան… ֆո՛ւհ, ով մտնում էր մեր մուտք ու հատկապես եթե մեր հարկ էր հելնում, թաշկինակով քիթ-բերան բռնած խուճապի էր մատնվում` չգիտեր ոնց փախնի: Իսկ մենք` հեչ, մանրից սովորեցինք: ( Տես ավելին... )Tags: «Փաստաթղթեր» շարքից
|
 |
 |
 |
 |
|
 |
 |

 |
| |
 |
 |
 |
 |
|
 |
 |
Էս վերջերս որ կողքից ինքս ինձ նայում եմ, տպավորություն է ստեղծվում, թե դարձել եմ մռթմռթան ծերուկ: Ոչինչ դուրս չի գալիս: Երկրում, ասում են, զարթոնք է` նոր տեսակի երիտասարդություն է առաջ եկել` ազատամիտ, որ թույլ չի տալիս ոտնահարեն իր իրավունքները, որ կռվում է դրանց համար, հակադրվում է նեխած-փտած համակարգին, որը մեր լուսավոր ապագան է: Իսկ ես, էդ ամենից մի կողմ քաշված, մի տեսակ թերահավատորեն ու դեռ մի բան էլ ինձ Ստանիսլավսկու հորեղբոր տղու տեղը դրած` մեծամտորեն կրկնում եմ, թե` չե՛մ հավատում: Մեկը հարցնող լինի` քո հավատալ-չհավատալը ո՞ւմ է հետաքրքիր… Հեչ: Ոնց որ ասում են` կապրենք – կտեսնենք: Մեկ էլ` ճտերն աշնանն են հաշվում: Իսկ եթե կուզեք` ավետարանական մեջբերումներ էլ կարող եմ անել` բարի ծառը չի կարող չար պտուղ տալ. ոչ էլ չար ծառն է բարի պտուղ տալիս: Ես հասկանում եմ, թե որքան ժամանակավրեպ են նման մեջբերումները (իսկ ժամանակին համապատասխանելը երբեք էլ իմ նպատակը չի եղել): Հասկանում եմ նաև, որ ավետարանական այս խոսքը ունի ստուգման իր սեփական` հոգևոր չափանիշները: Կարող է այնպես ստացվել, որ մեր ակտիվ ու ոսկյա երիտասարդությունն իսկապես էլ հասնի իր առջև դրված խնդիրների փայլուն լուծմանը: Դե գնա ու որոշիր` բարի՞ էր այդ պտուղը, թե՞ ոչ: Ես ուղղակի որոշեցի գրել այս տեքստը` որպես նախաբան դեռևս ընթացքի մեջ գտնվող ավելի ընդարձակ մի տեքստի, որը հավակնում է գրքի վերածվել ու որի մեջ իմ աշխարհայացքն եմ բացում, նաև` իմ վերաբերմունքը ակտուալ մի շարք հարցերի: Չգիտեմ` մարդիկ նկատում են դա, թե ո՞չ, բայց ես որ լսում եմ մեր հրապարակային անձերի ելույթները` կապված, օրինակ, Մաշտոցի պուրակի պաշտպանության վերջին դեպքերի հետ,– նկատի ունեմ հիմնականում բավականին կրթված ու գոնե արտաքուստ խելացի մարդկանց ելույթները,– ապա զարմանքով հայտնաբերում եմ, որ` նրանք բոլորը նույն բանն են ասում: Նույն կես էջանոց տեքստը կարդում են` մեկը մի քիչ էսպես, մյուսը մի քիչ էնպես: Այսինքն` էն, ինչ որ վերևն ասացի. փայլուն երիտասարդություն, զարթնած քաղաքացիական գիտակցություն, սա մեր ապագան է, վերջապես լուրջ տեղաշարժեր են տեղի ունենում և այլն, և այլն… Մեկը չկա, որ մի քիչ տարբեր մի բան ասի: Է՛: Ես, իհարկե, նկատի չունեմ իշխանության մանկլավիկների հայհոյաբանությունը ու դավադրության տեսության շահարկումները` ողորմելի խոսքեր, որ հիշատակման էլ արժանի չեն (բայց հենց դրանց քննադատությունն է մեր այսօրվա հրապարակախոսության հիմնական նյութը, չէ՞): Ոչ էլ նկատի ունեմ, որ ինքնանպատակ կերպով, հանուն սոսկ օրիգինալության, պետք է քար շպրտել պայքարողների բոստանը: Ոչ: Ուղղակի մոտս բնականորեն հարց է ծագում` լավ, էդքան ակնհայտ, էդքան սևսպիտա՞կ է աշխարհը, որ ոչ մեկի կարծիքը չի տարբերվում: Թե՞ նոր տեսակի գաղափարական դիկտատուրա ու ցենզուրա է առաջացել, որ կծու խոսք ասելուց վախենում են: Իսկ հիմա ըստ էության: ( Տես ավելին... )Tags: Հայաստան, ընդդիմություն, իշխանություն, լիբերալիզմ, փիլիսոփայություն, քաղաքականություն, քրիստոնեություն
|
 |
 |
 |
 |
|
 |
 |

 |
| |
 |
 |
 |
 |
|
 |
 |
 Աշխարհը` որպես տեքստ և տեքստը` որպես աշխարհ: Արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսն, ինչպես հայտնի է, իր պատմվածքներից շատերում զբաղված էր հենց աշխարհի, տիեզերքի տարատեսակ մոդելների կառուցմամբ: Դրանք յուրօրինակ կոսմոլոգիական վարկածներ են` կոսմոգենիկ և կոսմոգրաֆիկ տարրերով, ընդ որում` տեքստն այդ վարկածներում առաջնային նշանակություն ունի: Ես հիմա չեմ խոսում Բորխեսի ամբողջ ստեղծագործության մասին, որը բազմաշերտ ու բազմազան է, այլ դրա հենց այս ուղղվածության: Կարծում եմ չեմ սխալվի, եթե ասեմ, որ այդ ուղղվածությունը հիմնականն է նրա մոտ. այդ տիպի գործերը ներկայացնում են մի ֆենոմենոլոգա-հերմենևտիկական մեկնաբանություն, որում տրեզերքը մեկնաբանվում է` մերթ որպես հանրագիտարան, մերթ որպես գրադարան, մերթ որպես վիթխարի թատերական ներկայացում, մերթ որպես վիճակախաղ, մերթ որպես անսահման հիշողություն, մերթ որպես անվերջ ժամանակային լաբիրինթոս` իր տարատեսակ զուգահեռ ճյուղավորումներով և բազմակի համընկնող հանգույցներով, մերթ որպես երազ կամ երազ երազի մեջ (Լյուիս Քարոլի հանճարեղ մետաֆորը՝ քնած Սև Արքան, որի տեսած երազն ենք մենք): Չեմ կարող ինձ դասել նրա նշված գրական մեթոդի համակիրների շարքը: Չնայած նախանձելի էրուդիցիային, ինչը թույլ է տալիս գեղարվեստական արձակի նյութ դարձնել տարբեր փիլիսոփայական խնդիրներ` այդ նույն խնդիրները Բորխեսի մոտ առաջադրվում և քննարկվում են, մի տեսակ, կողքից: Հեղինակը մնում է օտարված իր առաջ քաշած հարցերին, որոնք ըստ էության գոյության վերջին հարցերն են` մարդու և տիեզերքի ճակատագրին (կամ ճակատագրերին) վերաբերող: Որպես հետևանք` այդ հարցերը Բորխեսի ձեռքի տակ կորցնում են իրենց անմիջական սրությունն ու խորությունը, գոյության հարցերից վերածվում աբստրակտ մաթեմատիկական գլուխկոտրուկների, որոնք հեղինակը պտտեցնում ու զարգացնում է` ինչքան և ինչպես կուզի: Մարթին Հայդեգերը, մետաֆիզիկայի մասին իր վերլուծություններից մեկում, ի միջի այլոց անդրադառնում է փիլիսոփայի և մաթեմատիկոսի տարբերությանը: Փիլիսոփան, ըստ նրա, պիտի Գոյության մասին հարցանելիս խոսք ասի հենց Գոյության միջից. հարցանողը պիտի որսվի իր իսկ հարցի կողմից` չպիտի մնա մի կողմ քաշված: Դա է պատճառը, որ մաթեմատիկայի մեջ արդեն տասնյոթ տարեկան հասակում մարդիկ նշանակալի ու հանճարեղ հայտնագործություններ են անում` թեթևություն, որ հասանելի չէ փիլիսոփային, քանզի վերջինս որպես նյութ ունի միայն տարիների հետ ձեռք բերվող սեփական` անձնութենական-գոյութենական բովանդակությունը: Բորխեսի մեթոդն առանձնահատուկ է հենց նրանով, որ փիլիսոփայական հարցադրումները փոխարկում է ուշագրավ, ինչու չէ` խորիմաստ ու հանճարեղ, մաթեմատիկական մոդելների, որոնք, կտրվելով գոյությունից, ձեռք են բերում յուրօրինակ ճկունություն ու թեթևություն (մի բան, որ մասամբ բնորոշ է նաև Խուլիո Կորտասարի պատմվածքներին և հավանաբար պետք է համարվի ընդհանրական գիծ այսպես կոչված մոգական ռեալիզմի համար): Դրանք այլևս ինքնաբավ կառուցվածքներ են, որ հազիվ թե ի զորու են ցնցել մարդուն մինչև էության խորքը ու ստիպել կատարել ներքին հայացքի արմատական պտույտ. դրանք ցնցում են միայն երևակայությունը: Իսկ երևակայությունը ցնցելու համար Բորխեսը չի զլանում դիմել քանակական էֆեկտների` կերտելով, օրինակ, պատկերն ամեն ինչ մտապահող անսահման հիշողության («Ֆունես` հիշողության հրաշքը») կամ անասելիորեն մեծ մի գրադարանի («Բաբելոնյան գրադարան»), որը պարունակում է քսանհինգ նշանների բոլոր հնարավոր դասավորումներից ստեղծված բյուրավոր գրքերը (այստեղ կա, անշուշտ, կաֆկայական մոտիվ` կերպարը գրադարանի անհամար միջանցքներում ու սրահներում տարիներ շարունակ անուղեցույց դեգերող միայնակ մարդու): Նման մոտեցումը պատումի հերոսներին էլ դարձնում է գոյությունից կտրված խամաճիկներ, որ կոչված են լոկ, գույնզգույն քարերի պես, գրավելու իրենց տեղերը հեղինակի հղացած սրամիտ խճանկարի վրա (հենց վրա, այլ ոչ թե` մեջ): Հերոսների այս ինքնաբավ օտարվածությունը բնորոշ է դետեկտիվ ժանրի գործերին: Զարմանալի չէ, ուրեմն, որ Բորխեսը հաճախակի դիմել է այդ ժանրին: Այս առումով ուշագրավ է նրա «Կողմնացույցն ու մահը» պատմվածքը. առաջին հայացքից` սովորական դետեկտիվ պատմություն, որ չի կառուցում ոչ մի «տիեզերական» մոդել, թեպետև առնչվում է Աստծո խորհրդավոր անունների մետաֆիզիկական թեմային: Սակայն նույն այդ թեմային անդրադառնում է Արթուր Քլարքը` 1953-ին գրած «Աստծո ինը միլիարդ անունները» ֆանտաստիկ պատմվածքում, և այս վերջինը` թե՛ սյուժեով, թե՛ իր ապոկալիպտիկ ավարտով, մեզ յուրովի կրկին ետ է տանում դեպի Բորխեսի Բաբելոնյան գրադարանը: Փաստորեն Քլարքը,– չգիտեմ` դիտմամբ, թե պատահաբար, ասենք դա կարևոր էլ չի,– տալիս է Բորխեսի պատմվածքի հենց բորխեսյան տրանսկրիպցիան: Երկու դեպքում էլ բուն Աստծո անունների մասին ոչինչ ասված չէ, երկու դեպքում էլ գործ ունենք օտարված և ուշագրավ մոդելների, պարզ ասած` «պարապ վախտի խաղալիքների» հետ (ինչ փույթ, որ այդ խաղերից կարող է աշխարհը կործանվել)… Դարձյալ` ասվածը վերաբերվում է միայն կոսմոլոգիական մոդելների կառուցման նշված գրական մեթոդին, այլ ոչ թե Բորխեսի ամբողջ ստեղծագործությանը, որն ունի բազում շերտեր և երբեմն (ինչպես «Հարավը» կամ «Բրոդիի տեղեկանքը» պատմվածքներում)` իսկապես ցնցում է իր խորությամբ: Այդ մեթոդը չի լուծում տեքստային իրականության ստեղծման խնդիրը, այլ յուրօրինակ փոստմոդեռնիստական խաղ է (միգուցե` փոստմոդեռնը կանխող), որը գոյությունը փոխարինում է տեքստով: 13-ը մարտի, 2012թ. Tags: գրականություն, փիլիսոփայություն
|
 |
 |
 |
 |
|
 |
 |

 |
| |
 |
 |
 |
 |
|
 |
 |
Գեղարվեստական տեքստի անընդհատությունն ապահովող նշված լուծումներից առաջինը` սյուժետայինը, ինչպես ասացի, հիմնական տեղ ուներ դասական գրականության (մասնավորապես` բուրժուական վեպի) մեջ: Սակայն դա չի նշանակում, որ մյուսները մեր ժամանակների գյուտն են. դրանք բոլորն էլ, այսպես թե այնպես, արդեն առկա էին դասական գրականության մեջ: Ավելին` 20-րդ դարի գրողները տեքստի անընդհատության առումով նոր ու նշանակալի հայտնագործություններ են կատարում: Օրինակ` Մարկեսի մոտ գեղարվեստական տեքստը ձեռք է բերում նահապետական ասքի, երգվող էպոսի միալար, հիպնոսացնող հնչողությունը` պատմելով մեկ գերդաստանի չընդհատվող տոհմական պատմությունը: Ո՞րն է, ուրեմն, գրականության առջև դրվող խնդիրը. եթե անընդհատության պայմանը` լավ կամ վատ` վաղուց ապահովվում է գրական ստեղծագործություններում, ինչո՞ւ է ձախողվում նոր իրականության ստեղծումը: Եվ ի՞նչ նոր մոտեցումներ են հնարավոր: Ինչպես նշվեց, ենթադրվող վիրտուալ, տեքստային իրականության առջև երկու նախապայման է դրվում` ա. անընդհատություն, բ. ընթերցողի ազատության սկզբունքային հնարավորություն: Այս երկրորդի տակ կարելի է նաև հասկանալ` ստեղծագործական ներգրավվածություն: Իրավամբ, ինչո՞վ է տարբերվում կենդանի իրականությունը տեքստից: Տեքստը ես միայն կարդում եմ` չեմ կարող փոխազդել, այնինչ իրականության մեջ ես ներգրավված եմ ողջ էությամբ. մասնակցում եմ իրականությանը, կերտում այն և փոխադարձաբար` կերտվում նրա կողմից: Մինչդեռ սյուժեն` իր դասական ձևի մեջ, հենց նշանակում է իրադարձությունների տրամաբանական զարգացման այնպիսի կանխորոշված մի շղթա, որի մեջ ես ոչ միայն ոչ մի մասնակցություն չունեմ, այլև որի ընթացքը, որոշակի հմտությունների առկայության դեպքում, կարող եմ կռահել հենց սկզբից: Ահա թե ինչու դասական հզորագույն գործերը լավագույն դեպքում ցնցում են առաջացնում` շնորհիվ անձնութենական բովանդակության ռեզոնանսի` մեր` ընթերցողներիս, անձնական փորձի ու աշխարհզգացողության հետ: Մենք դրանցում ճանաչում ենք ինքներս մեզ, ռեֆլեքսիա կատարում և կատարսիս ապրում` մի պահ վեհանալով ու կտրվելով «սովորական իրականությունից»: Այդ պահին` հենց միայն այդ պահին, գրականությունը հասնում է իր նվիրական նպատակներին: Միաժամանակ տեքստի ստեղծման իր մոտեցումների մեջ այն սկզբունքորեն ձախողում է ապրում, և մենք նորից ետ ենք շպրտվում սովորական իրականության գիրկը: Տեքստը քարանում-մնում է` որպես մշակութային արժեք: Ավելին` տեքստը խոչընդոտ է դառնում հենց գրողի համար, քանի որ նրա նվիրական ասելիքը ոչ թե ապրում է տեքստի մեջ` որպես իր կենդանի հյուսվածքի, այլ, մի տեսակ, բանտարկվում է դրա ետևում և ազատ ճեղք է փնտրում` դուրս պրծնելու համար սյուժետային պարտադիր անցումների ու նկարագրությունների զնդանից: Կարելի է մինչև իսկ քանակապես վերլուծել դասական տեքստերը` որոշելով շնչող և մեռած հատվածների հարաբերակցությունը (Դոստոևսկու վեպերում, օրինակ, տեքստն առավելագույնս կենդանանում է մենախոսության փոխվող երկարուձիգ ու լարված երկխոսությունների ժամանակ): Գրողը, փաստորեն, ազատ է սյուժեն կազմելիս. այնուհետև, բուն տեքստի ստեղծման ընթացքում, նա այլևս չունի նախնական ազատությունը` կաշկանդված է իր իսկ հորինած սխեմայով: ( Տես ավելին... )Tags: արձակ, գրականություն
|
 |
 |
 |
 |
|
 |
 |

 |
| |
 |
 |
 |
 |
|
 |
 |
Միանգամից ասեմ, որ բնավ չեմ հավակնում պրոֆեսիոնալ գրականագիտական վերլուծություն կատարել: Նպատակս է իսկապես շարադրել ինչ-ինչ մտքեր, որ ծնվում են Տաիշա Աբելար գրողի ստեղծագործությունների շուրջ կամ առթիվ և որոնք, որպես այդպիսին` որպես մտորումներ -շուրջ կամ -առթիվ` նույն կամ պակաս հաջողությամբ կարող էին ծնվել մեկ այլ գրողի գործերի դիտարկումից: Թերևս իմ վերլուծության առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն գրականագետի,– ում աչքերի առջև ստեղծագործությունը գտնվում է արդեն որպես կայացած, ավարտուն իրողություն, որպես փաստ,– ես ավելի հակված եմ դիտարկելու բուն իսկ ստեղծագործության պրոցեսը, ներսից` որպես մեկը, ում ծանոթ է գրելու հրճվանքն ու տառապանքը և ով, այդու, ինչ-որ չափով ընդունակ է սեփական փորձից ելնելով ընթերցել հաջողության և ձախողման, թռիչքների ու անկումների թաքնված ելևէջները: Բուն գեղարվեստական տեքստն այդ դեպքում դառնում է գրողի գրողական փնտրտուքի հետագիծ-արահետը` անվերջ մոլորվող, բաժանվող ու վերամիավորվող կածանների խճճված ու տրորված ոստայնով: Հաջողության ու ձախողման մասին դատողություններ անելու համար, ինչ խոսք, անհրաժեշտ է ունենալ որոշակի պատկերացում այն մասին, թե ի՞նչ խնդիրներ են դրված այսօր գրականության առջև: Սույն հարցին անմիջապես հետևում են մի շարք այլ հարցեր` դրվո՞ւմ են արդյոք առհասարակ գրականության առջև ինչ-որ ընդհանրական խնդիրներ, թե՞ յուրաքանչյուր գրող ինքն է` անհատապես, որոշում իր ստեղծագործության նպատակներն ու թիրախները, և եթե դրվում են, ապա ո՞ւմ կամ ինչի՞ կողմից: Այդ խնդիրների ձևավորման հարցում ի՞նչ դեր են խաղում անհատի ազատությունն ու աշխարհայացքը, և ինչպիսի՞ն կարող է լինել դրանց կապը պատմական ու անհատական ժամանակի հետ: Որքան էլ ծանր ու տարողունակ և առանձին գիտական վերլուծություն պահանջող հարցեր չեն սրանք, այդուհանդերձ ինչ-որ ուղենիշ թել ունենալ պետք է: Իրավամբ, գիտության դեպքում մենք ավել կամ պակաս վստահությամբ ասում ենք, որ, օրինակ, ժամանակակից ֆիզիկոսներն իրենց միահամուռ ջանքերն են ներդնում` ատոմի միջուկի կառուցվածքն ուսումնասիրելու համար, իսկ մաթեմատիկոսները, շնորհիվ համակարգչային տեխնիկայի բուռն զարգացման, իրենց ջանքերն ուղղում են անալիտիկ խնդիրների լուծման նորանոր թվային մեթոդների մշակման վրա, և այլն: Ամեն մի բնագավառ ցանկացած տվյալ ժամանակ ունի ուսումնասիրությունների իր կոնկրետ ուղղություններն ու նպատակները. գիտնականները համագործակցում ու նույնիսկ մրցակցում են` թե ով առաջինը կհասնի նպատակակետին: Ճիշտ է` առայժմ չկա գիտական խնդիրների ձևավորման համապարփակ ու սկզբունքային համակարգ (այն, ինչի վրա աշխատում էր Էդմունդ Հուսսեռլը` ջանալով մաքուր ֆենոմենոլոգիայի միջոցով սահմանագծել առանձին գիտական դիսցիպլինների ու դրանց հետաքրքրությունների շրջանակները` որպես գիտակցության ապրիորի կառուցվածքներից բխող կանխորոշ ոլորտներ): Սակայն գիտնականն, առնվազն, ունի հստակ պատկերացում` տվյալ պահին իր բնագավառում ակտուալ խնդիրների համախմբության մասին: Գրականության և, առհասարակ, արվեստի մեջ ազատության աստիճաններն ավելի շատ են, և որպես հետևանք` անորոշությունն էլ ավելի մեծ: ( Տես ավելին... )Tags: արձակ, գրականություն
|
 |
 |
 |
 |
|
 |
 |

 |
| |
 |
 |
 |
 |
|
 |
 |
(Պզուկոտների ժամանակը) Այս առաջին անգամը չէ, որ անդրադառնում եմ երիտասարդ հեղինակ Մեգաբայթի ստեղծագործությանը: Դեռևս երկու տարի առաջ, երբ նա սկսեց իր գրչի փորձերը հրատարակել մեր գրական մամուլում, մենք ստիպված եղանք խոստովանել, որ նոր անուն է ծնվել: Այդ փորձերը` որքան էլ վաղահաս, ամոթխած ու տակավին վարանոտ չէին, արդեն իսկ նշմարում էին Մեգաբայթի հայտնաբերած ուրույն, առինքնող արահետը գրականության անեզր տիեզերքում:
«Մեգաբայթ» կեղծանունն ինքնին դրդում է մտորումների որոշակի կանխամտածված ուղղություն ընտրել: Քանզի ինֆորմացիոն հեղեղի ժամանակակից դժոխքի բարունակներում իր ինքնության պահպանման համար մարտնչող մարդն անխուսափելիորեն կանգնում է գոյութենական խնդիրների առաջ: Գրողի հրամայականն է ձևակերպել առօրյա գիտակցությունից խուսափող այդ խնդիրները, խնդրարկել այն, ինչ խնդրահարույց չի թվում հոսքից կլանվածների համար. խնդրականացնել` որպեսզի մարմնավորվի լոգոսը և թույլ տա բարձրանալ առանձին տեղեկատվական միավորների` բիթերի ու բայթերի հավասարարժեքության էնթրոպիայից: Սակայն ժամանակակից արվեստը չի հանդուրժում կողքից դիտողի պասիվ ու ինքնավստահ հայեցողականությունը` նա, ով չի կիսում ճակատագիրը խեղդվողի, իրավունք չունի խոսք ասելու: Խոսքն այդ կերպ ճապաղում է` իր առարկայականության դաշտը վերածելով օտարման անհաղորդ սիմվոլների կետկիտված մի շեղջի, այնինչ պետք է հենց խոսքի խնդրականացում` ներսից հեղեղն իմաստավորող ձայնույթ ձայնարկում: Մեգաբայթի գրական ինտուիցիաների ծանրության կենտրոնը շրջանառվում է կենսափիլիսոփայական շեշտադրումների հենց այս ուղեծրում և մոլորակակերպ իր գոյության մեջ մոլորվում-թավալվում է` կանխավ դատապարտված սփռելու լոկ արտացոլված լուսավորություն. լուսավորություն, որի աղբյուրների որպիսությունը շարունակ խուսափում է մեր հայացքից: Առօրյայի տաղտուկն` իր տաղկտալիության մեջ նորից ու նորից գեղարվեստի նյութ դարձնելը,– չխորշելով այն միօրինակությունից, որ արագ պատրանաթափ է անում դասական քիմքի ակնկալությունները. քանզի սա՛ է այն փրկագինը, այն բարոյական իմպերատիվը, որ լիազորում է հեղինակին հայացք գցել առօրեականության վրա նոր, խտացված դիտանկյունից` շուռ տալով մտահայեցման ոսպնյակի կիզակետը: Նա հետևողականորեն գումարում է երբեմնի իրականության անջատ-անջատ բեկորները, մինչև որ քաոտիկ ինքնաբավության մեջ գոյող այդ «բայթերից» հառնում է ժամանակի նոր ու չճանաչված արքետիպը` «Մեգաբայթը», որպես սկզբունքային մի արքի-իմաստ: ( Տես ավելին... )Tags: «Փաստաթղթեր» շարքից
|
 |
 |
 |
 |
|
 |
 |

 |
| |
 |
 |
 |
 |
|
 |
 |
Ուշադիր լսիր, զավակս, քանի որ մտադիր չեմ երկու անգամ կրկնել այս բոլորը ու քանի որ նման բաներ ուրիշ տեղ հազիվ թե հնարավորություն ունենաս սովորելու: Իհարկե, շատ բան կյուրացնես անձնական փորձից. որոշ հմտություններ էլ լինում են բնատուր` ժառանգաբար են փոխանցվում,– իսկ ես բնավ չեմ կասկածում, որ այդ իմաստով դու անմասն չես մնացել ծնողներիդ տաղանդից:
Ինչևէ: Սկսեմ ու աշխատեմ կարճ կապել: Նախ` շատերն ասում են.– եթե ուզում ես հաջողության հասնել, պետք է ընտրես այնպիսի ոլորտ, որ տվյալ պահին պահանջված է և ծաղկում է ապրում, պիտի, մի խոսքով, նշան առնես գոյություն ունեցող տեղը` փորձելով զավթել այն և կանխավ հավաստիանալով, որ արժի կռվել այդ տեղի համար: Բայց ես ուզում և պնդում եմ, որ քո նշաձողը դրանից բարձր լինի: Հիշի՛ր, որ դու ոչ միայն կարող ես նվաճել գոյություն ունեցող տեղը, այլև` ստեղծել նորը` քո ճաշակի, բնածին հակումների, նախասիրությունների, ինչու չէ` քմահաճության համաձայն: Վերջ ի վերջո, մեկ անգամ ենք ապրում այս աշխարհում` ինչո՞ւ բաց թողնել հնարավորությունը ապրելու այնպես, ինչպես սիրտդ ու հոգիդ են թելադրում: Եվ ոչ մի ռոմանտիզմ չկա էստեղ: Հավատացնում եմ քեզ: Հակառակ դեպքում էլ ի՞նչ իմաստ ունի այդքան գովաբանվող ստեղծականությունը: Ահա քեզ մի հաստատում իմ անձնական փորձից` ավելի դյուրին է նոր տեղ ստեղծել, քան զավթել եղածը, որի վրա հարյուրներով կռիվ են տալիս: Իմաստունը հենց էդպես էլ վարվում է. մինչ մյուսները կատաղած խռնվում են հնամաշ մի աթոռի շուրջ, նա բանակցում է վերևների հետ և համոզում, որ վաղուց արդեն անհրաժեշտություն է ծագել նոր պաշտոն իջեցնելու: Եթե հաջողվի համոզել, միանգամից մի քանի նպատակի ես հասնում. նախ` պաշտոնը, տեղը քոնն է, ընդ որում` առանց մեծ ջանքերի, քանի որ մրցակիցներ դեռ չկան: Երկրորդը` դու ձեռք չես բերի այնպիսի մոլի թշնամիներ, որոնք սովորաբար անխուսափելի են, եթե մտնում ես անզիջում մրցակցության մեջ գոյություն ունեցող տեղի համար. այս դեպքում ամենքը թերահավատությամբ են նայում նորահայտ պաշտոնին, որն ավելի շատ ձևական է թվում: Հետո` քո համբավն ավելին կլինի, քան նրանցը, քանզի նոր պաշտոնն իր մեջ ռոմանտիկ հմայք է պարունակում` ինչպես ցանկացած նոր բան, և քո անունը սերտորեն կկապվի այդ տեղի հետ, այն պարզ պատճառով, որ նախորդներ չես ունեցել: Ապա և ամենակարևոր առավելությունը, որից դեռ պետք է կարենալ օգտվել. եթե կայացած պաշտոնների դեպքում լիազորությունների և իրավասությունների սահմանը վաղուց հաստատագրված է, ապա նոր պաշտոնի դեպքում, երբ դրա իմաստն ու բովանդակությունը դեռ վերջնականապես չեն ճշգրտվել, դու բացառիկ հնարավորություն ունես ձգելու, լայնացնելու իրավասություններիդ առաձգական սահմանն ու ի՛նքդ որոշելու քո տեղի կշիռն ու արժեքը (երբեմն նույնիսկ զավթելով առկա ավանդական պաշտոնների իշխանության դաշտի մի մասը): ( Տես ավելին... )Tags: «Փաստաթղթեր» շարքից
|
 |
 |
 |
 |
|
 |
 |

 |
| |
 |
 |
 |
 |
|
 |
 |
(հատված վեպից) – Պատմական միջավայրը, որտեղ կատարվում են մեզ հուզող իրադարձությունները կամ, ավելի ստույգ, ձևավորվում է իմ հերոսի կենսագրությունը, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունն է: Դա կարող էր լինել, անշուշտ, ցանկացած ուրիշ մի երկիր, որն ապրում է բուռն փոփոխությունների շրջան (չնայած վերջերս ապարտեիդի մասին ավելի ու ավելի հաճախ են հիշում` դա մի տեսակ առհավատչյա է դարձել դեմոկրատիայի տեսաբանների ու ջատագովների համար): Այնպիսի մի երկիր, որում մարդու իրավունքների բնական ոտնահարումն ու խախտումը հասնում են իրենց ծայրագույն սահմաններին` արթնացնելով ազնիվ ընդվզում բոլոր այն սրտերում, որոնք ընդունակ են ընդվզման: Նախկին բրիտանական այս գաղութում ռասայական խտրությունները նոր բան չէին, բայց ճնշումներն, ինչպես հայտնի է, ուժգնանում են 1948-ից, երբ Ազգային կուսակցությունը հաղթում է համընդհանուր ընտրություններում և հաստատում, այսպես կոչված, ապարտեիդի ռեժիմը: Սև բնակչությունն այդ օրվանից սկսած մարդկային ցեղից ցածր էր դասվում. սևերը մինչև անգամ իրավունք չունեին մուտք գործելու որոշակի «ճերմակ» շրջաններ կամ տնից դուրս գալ նշանակված «պարետային» ժամերին: 1961-ին, երբ ձևավորվում է Հանրապետությունը, այն միաժամանակ լքում է Ազգերի Ընկերակցությունը և այդպիսով դուրս գալիս Բրիտանիայի հսկողության տակից: Տարաձայնությունները սկսվել էին դեռևս Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ, քանի որ Ազգային կուսակցությունը, հավատարիմ իր ռասիստական նախասիրություններին, Երրորդ Ռայխի ակտիվ համակիրն էր: Բայց մեզ հիմա չեն հետաքրքրում Բրիտանիայի ու նրա նախկին գաղութի միջև ստեղծված բարդ հարաբերությունները` այնքանով միայն, որ իմ ապաքինվող հերոսը 1968 թվին, լինելով քսանչորս տարեկան խանդավառ ու աշխույժ երիտասարդ, Հարավային Աֆրիկա է ուղարկվում հենց Ազգերի Ընկերակցության կողմից: Ուղարկվում է որպես Ընկերակցության ներկայացուցիչ, որպես հասարակ մի դիտորդ, ում պաշտոնական նպատակն էր նպաստել երկրում նորմալ, դեմոկրատիկ կարգերի հաստատմանը: Դա պիտի թույլ տար, որպեսզի Հանրապետությունը վերադառնար Ազգերի Ընկերակցության անդամ-երկրների շարքը: Իրականում, սակայն, այս երիտասարդը Մեծ Բրիտանիայի գործակալն էր և ավելի կոնկրետ առաջադրանք ուներ` իր ուժերի չափով աջակցել ու ներազդել ապարտեիդի դեմ մղվող պայքարին, իսկ հարկ եղած դեպքում` հարել այդ պայքարի առաջամարտիկներին` դեն գցելով պասիվ դիտորդի կարգավիճակը: ( Տես ավելին... )Tags: Վերջին հրդեհը
|
 |
 |
 |
 |
|
 |
 |

 |
| |
 |
 |
 |
 |
|
 |
 |
(հատված վեպից) Արարատը հայացքով ուղեկցեց իր նոր ընկերոջը, մինչ սա մոտենում էր գրականասերների խմբին, որը հենց սկզբից բարյացակամ ժպիտներով դիմավորեց նրան: Կարճատև բացատրությունից և ռեպլիկների ուրախ փոխանակումից հետո պարզ դարձավ, որ նրանք ոգևորությամբ էին ընդունում իրենց նյութի հանդեպ դրսևորած նման հետաքրքրությունը և դեմ չէին հյուրերին: Վռամը ձեռքով նշան արեց Արարատին: Նրանք երկու աթոռ մոտեցրին և տեղավորվեցին երկար սեղանի պատին հանդիպակաց կողմում` կոստյումավոր գրողի և բարետես բանաստեղծուհու միջև: Ողջույններից ու միմյանց անուններն իմանալուց անմիջապես հետո Վռամն իր հարցն ուղղեց Աշոտին. – Ես ու ընկերս պատահմամբ լսեցինք Ձեր պատմածը, այսինքն` նկատի ունեմ էդ միտքը. պատմվածք շարադրել մի երիտասարդի մասին, որի կերպարն ամբողջությամբ մեր իրականությունից ա` առանց ավելորդ ծաղկացումների: Տղան գլխով արեց ու շիկնեց հաճույքից: – Հա, ուրեմն,– շարունակեց Վռամը,– ինձ ուղղակի հետաքրքրեց, թե ո՞րտեղ եք կանգ առել, ու ինչպե՞ս ա գործն առաջ գնում: – Առայժմ շատ բան չկա,– պատասխանեց տղան,– հիմնականում միտքն ա, որ գլխիս մեջ պտտվում ա ու հանգիստ չի տալիս: Իրականում դեռ մենակ մեկ-մեկուկես էջ եմ գրել, բայց դե էդ կարևոր չի: – Ափսոս,– փոքր-ինչ հիասթափված հոգոց հանեց Վռամը (Արարատին նույնիսկ թվաց, որ նա խաղում է):– Շատ եմ ափսոսում: Գիտե՞ք ինչի: Երբ որ լսում էի, անընդհատ փորձում էի պատկերացնել էդ պատմվածքը: Ու, ճիշտն ասած, բան չի ստացվում մոտս: Ախր, հասկանալի ա` սովորական տղա, սովորական առօրյայով. զարթնում ա, ուտում ա, փողոց ա դուրս գալիս և այլն, և այլն: Կինոյում էդ բանն ավելի հեշտ ա, երևի, պատկերացնել: Բայց գրականությունը, ինձ թվում ա, մի քիչ ուրիշ պետք ա լինի, հը՞: Իսկ կարևորը` չեմ պատկերացնում, թե էդ սովորական առօրյան նկարագրելով ո՞նց պիտի Ձեր ընթերցողին հասցնեք էն բոլոր մտքերը, որ պատմում էիք… իննսունականների ծանր օրերի, հեռուստացույց չնայելու, բթանալու մասին, մի խոսքով` հասկանում եք ասածս: Ի՞նչ ա` էդ բոլորը հենց ուղղակի գրվելո՞ւ ա, թե՞ ընթերցողը պիտի կռահի: – Հասկանում եմ,– արագ-արագ պատասխանեց Աշոտը, որը տհաճությամբ, ի միջի այլոց, նկատեց, որ երկու աղջկա շուրթերին էլ ժպիտի պես մի բան էր հայտնվել:– Էդ սաղ հետաքրքիր հարցեր են, բայց ախր դա գեղարվեստական լուծման խնդիր ա: Եթե կուզեք ճիշտն իմանալ` գրականության սաղ հմայքն էլ հենց էդ ո՞նց-ն ա: Ես հլը որ չեմ որոշել, բայց էսքանը կասեմ: Ուղղակի տեքստ, բնականաբար, չի լինի (թե չէ ես մեր էս խոսակցությունը դիկտաֆոնի վրա գրի կառնեի, ու կլիներ արդեն պատրաստի պատմվածք),– նա ծիծաղեց,– բայց դե ինչ-ինչ ակնարկներ, ընթերցողին ուղղություն ցույց տվող միջանկյալ նշաններ անպայման կմտցնեմ: Վռամն ուզում էր էլի հարցնել, բայց Արարատը կանխեց նրան և դառնալով երիտասարդ գրողին` ասաց լուրջ արտահայտությամբ. ( Տես ավելին... )Tags: Վերջին հրդեհը
|
 |
 |
 |
 |
|
 |
 |



|
 |
|
 |